National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.02.2014
Ազգային ժողովն ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 10

Փետրվարի 27-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալված եւ ԱԺ նիստին հետեւող Երեւանի Տարաս Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ուսուցիչներին եւ  աշակերտներին:

Պատգամավորները շարունակեցին ներկայացնել իրենց տեսակետները ՀԱԿ խմբակցության պատգամավորների հեղինակած «2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագծի վերաբերյալ:

Սամվել Ֆարմանյանի կարծիքով, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմամբ  անհնար կլինի   անաչառ գնահատականներ տալ մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, քանի որ հնարավոր չի լինելու զերծ մնալ քաղաքական շահարկումներից:  Հայկ Բաբուխանյանը տեղեկացրեց, որ ինքը կողմ կքվեարկի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին, եթե ընդունվեն իր առաջարկները, որոնք մասնավորապես վերաբերում են տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրության բազան ընդլայնելուն: Լյուդմիլա Սարգսյանը համոզմունք հայտնեց, թե ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծամբ հնարավոր կլինի լույս սփռել մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վրա եւ տալ հանրությանը հուզող հարցերի պատասխանները: Ըստ նրա՝ նախորդ ժամանակավոր հանձնաժողովը չի տվել բազմաթիվ հարցերի պատասխաններ: Ալեքսանդր Արզումանյանն անհասկանալի համարելով նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման դրդապատճառները, հանդես եկավ զոհվածներին ընտանիքներին օգնելու վերաբերյալ առաջարկով: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ համարեց  ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը,  կազմակերպիչների եւ  տասը անձանց սպանությունների հանգամանքների  բացահայտումը: Էդմոն Մարուքյանի կարծիքով, եթե ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմամբ հնարավոր լինի բացահայտելու  գոնե 1 սպանության հանգամանքները, ապա այն պետք է ստեղծել: ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ քննարկումներն իր ելույթում ժամանակավրեպ համարեց Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա, այսօր անհրաժեշտ է դասեր քաղել տեղի ունեցածից ՝ գնահատականներ տալով այդ իրադարձությունների քաղաքական շարժառիթներին:  Պատգամավորի կարծիքով, մեղավորության իրենց բաժինն ունեն թե իշխանությունները, թե ընդդիմությունը: Մարգարիտ Եսայանը պաշտպանեց Ալեքսանդր Արզումանյանի՝ զոհվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ առաջարկը: Նա դեմ արտահայտվեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին, քանի որ կարծում է, որ այն  չի կարող տալ առկա հարցերի պատասխանները: Արամ Մանուկյանը կարեւորեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը: Արամ Մանուկյանն անհրաժեշտ համար պատասխանատվության ենթարկել եւ պատժել մարտի 1-2-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների  մեղավորներին: Սամվել Նիկոյանն անդրադարձավ նախորդ խորհրդարանում իր ղեկավարած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանը, կասկած հայտնելով, թե ստեղծվելիք նոր ժամանակավոր հանձնաժողովն ի զորու կլինի անելու  ավելին, քան նախորդ հանձնաժողովը: Արտակ Դավթյանի կարծիքով էլ՝ հնարավոր չի լինելու զերծ մնալ քաղաքական շահարկումներից եւ հարցերին անդրադառնալ միայն իրավական հարթությունում, ինչպես առաջարկում է հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը: Արծվիկ Մինասյանն առաջարկեց ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը եւ պատասխանել շատ կարեւոր հարցի՝ ում գործողությունների հետեւանքով են կատարվել10 սպանությունները:

 Այս համատեքստում       ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ մինչ որոշման նախագծի  քննարկումներն սկսելը՝ խոսել է ՀՀ գլխավոր դատախազի հետ. նա հավաստիացրել է, որ առաջիկայում կիրականացվեն  բազմաթիվ օպերատիվ-քննչական գործողություններ, որոնք գտնվելու են նրա վերահսկողության ներքո: ԱԺ նախագահը նշեց, որ եւ ինքը, եւ ՀՀ գլխավոր դատախազը համոզված են, որ առաջիկայում դրական տեղաշարժը նկատելի կլինի: 

 Որոշման նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացրին ԱԺ խմբակցությունները:

          «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու որոշման նախագծին: Ըստ նրա, քանի դեռ չեն բացահայտվել այդ ողբերգական իրադարձությունների ընթացքում  կատարված սպանություններն ու դրա մեղավորները, մշտապես առկա է լինելու կրկնվելու վտանգը: Նա գործընկերներին առաջարկեց կողմ քվեարկել որոշման նախագծին:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, անդրադառնալով այս հարցով ստեղծված նախորդ ժամանակավոր հանձնաժողովի եւ փաստահավաք խմբի աշխատանքներին, բարձր գնահատեց դրանք եւ նշեց, որ աննպատակահարմար է համարում նոր հանձնաժողովի ստեղծումը: Նա առաջարկեց օրենսդրական ճանապարհով աջակցություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու որոշման նախագծին: Նա պարզաբանեց, թե ինչու ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցել այս հարցով նախկին խորհրդարանում  ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:  Ըստ նրա՝ դա եղել է «պարտակման հանձնաժողով»:

 «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշման նախագծին, որպեսզի  ի վերջո բացահայտվեն սպանությունների հանգամանքները եւ պարզվի, թե ում գործողությունների հետեւանքով են կատարվել դրանք: Նա առաջարկեց, որպեսզի հանձնաժողովն աշխատի բաց եւ հրապարակային:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր ելույթում անդրադարձավ որոշ պատգամավորների կողմից  իշխանություններին ուղղված քննադատություններին եւ մեղադրանքներին, դրանք համարելով անհիմն: ՀՀԿ խմբակցության ղեկավարը, դրական գնահատելով ներկայացված նախագիծը, տարակուսանք հայտնեց որոշ ելույթների կապակցությամբ, քանի որ դրանք, նրա խոսքով՝ ամեն ինչի վերաբերյալ էին, բացի քննարկվող նախագծից:  Նա տեղեկացրեց, որ ՀՀԿ խմբակցությունն իր դիրքորոշումը որոշման նախագծի վերաբերյալ կհայտնի քվեարկությունից առաջ, որը տեղի կունենա ԱԺ հաջորդ քառօրյա նիստերի ընթացքում:

   Եզրափակիչ ելույթում Գագիկ Ջհանգիրյանը  նշեց, որ ցավոք հարցը չունեցավ բովանդակային քննարկում, եւ  ի սկզբանե քաղաքականացվեց: Անդրադառնալով պատգամավորների  ելույթներին` ՀԱԿ խմբակցության պատգամավորը  նշեց, որ իրենց նպատակն է  եղել, որպեսզի  հարցերին տրվեն  իրավական գնահատականներ:

Պատգամավորի  խոսքով` իրենք չեն  քննադատում մարտի մեկի հարցերով  նախորդ ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքներն ու արդյունքները, ավելին, նա նշեց, որ երբ աշխատում էին նախագծի վրա , մանրամասն ծանոթացել են նախորդի կատարած աշխատանքներին: Նրա խոսքով՝ նախորդ հանձնաժողովի առջեւ այլ խնդիր էր դրված, նոր ստեղծվելիք հանձնաժողովի առաջ՝ բոլորովին այլ:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց  «ՀՀ քննչական կոմիտեի մասին» եւ կից  օրենքների նախագծերի փաթեթը: Նախարարը նշեց, որ քննչական կոմիտեի ստեղծման  մասին օրենքի նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել  ՀՀ Նախագահի 2013թ. սեպտեմբերի 24-ի  կարգադրությունը:

 Քննչական կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունը, ըստ նախարարի,  պայմանավորված է քննչական մարմինների անկախությունը ապահովելու, քրեական գործերով նախաքննության  արդյունավետությունը բարձրացնելու համար: Նախարարը նշեց, որ օրենքի նախագիծը մանրամասն  քննարկվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել նոր մարմին? միասնական քննչական կոմիտե, որը կապահովի նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը եւ նախաքննության առավել արդյունավետ իրականացումը: Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու եւ  հետագայում քննիչի պաշտոնում նշանակվելու համար կսահմանվի կոնկրետ ընթացակարգ? ապահովելով ծառայողների մասնագիտական որակների հնարավոր բարձր մակարդակ:

Նախատեսվում է, որ քննչական կոմիտեն գործելու է հրապարակային, ապահովելու է քննչական մարմինների արտաքին եւ  ներքին անկախությունը, դատավարական ինքնուրույնությունը, քննիչների կարգավիճակի միասնականությունը:Նա մանրամասն ներկայացրեց քննչական մարմնի լիազորությունները, գործունեության սկզբունքները, անդրադարձավ քննչական կոմիտեի նախագահի ընտրությանը, ծառայողական պաշտոններին, նշանակմանն ու ազատմանը, նաեւ կոմիտեի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջները:

Հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյայում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am